Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Չարլզ Դիքենսի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի շնորհանդեսի և Մայիս Մխիթարյանի նկարների ցուցահանդեսի առիթով

Չարլզ Դիքենսի «Մեր Տիրոջ կյանքը» գրքի շնորհանդեսի և Մայիս Մխիթարյանի նկարների ցուցահանդեսի առիթով
17.07.2021 | 10:25

Անգլիացի մեծանուն գրող Չարլզ Դիքենսը նվիրյալ քրիստոնյա էր և իր բովանդակ կյանքում պայքարել էր մարդասիրական գաղափարների իրագործման համար: Նրա աշխատություններից մեկը՝ «Մեր Տիրոջ կյանքը», Հիսուս Քրիստոսի կյանքի մասին գեղեցիկ շարադրված ավետարանական պատմություններ են՝ գրված սեփական երեխաների համար: Աշխատությունը նախատեսված չի եղել հրապարակման համար, ընթերցվել է հեղինակի տանը, և միայն գրողի ու նրա զավակների մահից հետո է հնարավոր դարձել այն տպագրել և հասանելի դարձնել ընթերցողներին:

Վերջերս Հայաստանի նկարիչների միությունում տեղի ունեցավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արագածոտնի թեմի նախաձեռնությամբ հայերեն թարգմանված «Մեր Տիրոջ կյանքը» գրքի շնորհանդեսը: Lավագույնս թարգմանված գեղարվեստական հանճարեղ այս ստեղծագործությունը ցանկացած տարիքի հայ ընթերցողին կարող է օգնել առավել խորությամբ ընկալել ավետարանական իրադարձությունները, մոտ գտնվել սիրո ու մարդասիրության սկզբունքների վրա հիմնված քրիստոնեական արժեհամակարգին և դրանով իսկ նպաստել առողջ հասարակության կայացման շնորհակալ գործին: Եվ ինչպես գրքի թարգմանիչ Կարեն Գևորգյանն է իր ներածական խոսքում հույս հայտնում, գիրքը Հայաստանում իր նպաստն է բերելու աշխարհն ավելի բարի դարձնելու Չարլզ Դիքենսի գործադրած ջանքերին:


Գրքի շնորհանդեսին ներկա էին ճանաչված մշակութային ու հասարարակակն գործիչներ, օտարերկրյա դիվանագետներ ու բազմաթիվ այլ հյուրեր, որոնցից շատերը ելույթ ունեցան արտահայտելով իրենց գնահատանքի խոսքը:
Շնորհանդեսից հետո, իբրև դրա շարունակություն նկարիչների միության ընդարձակ դահլիճում բացվեց գրքի նկարազարդման համար օգտագործված հայտնի գեղանկարիչ Մայիս Մխիթարյանի աշխատանքների ցուցահանդեսը, և ասես ամբողջ դահլիճը ողողվում է արվեստագետի յուրահատուկ ստեղծագործական ոճին բնորոշ վառ գույներով:
Ահա՝ Հին Կտակարանից Շուշանն է ծնկաչոք, զրպարտող ծերերի միջև, բայց երկնքում հրեշտակներն են ճախրում, որպեսզի Դանիելի միջոցով հաղթանակի արդարությունը: Կողքի կտավում Ռաֆայել հրեշտակն է պահապան, ում առջև՝ Տոբիթն է որդու հետ՝ ոսկիները նրանց ոտքերի առջև շաղ տրված: Ահա, Գաբրիել հրեշտակն է այցելել Մարիամ Աստվածածնին՝ Փրկչի ծննդյան լուրը նրան հաղորդելու: Մեկ այլ նկարում՝ Տիրոջ ուղարկած երկնային հրեշտակների զորքն է այցելել վախվորած հովիվներին՝ Փրկչի ծննդյան ավետիսը նրանց փոխանցելու: Մի այլ կտավում նորածին Հիսուսն է, աղոթող Աստվածածնի և խանձարուրը բռնած մի հրեշտակի հետ: Հաջորդում՝ Սուրբ Հավհաննես Մկրտիչն է և Հիսուսը՝ գլխավերևում աղավնին՝ իբրև սուրբ հոգով մկրտության խորհրդանիշ: Այս մեկում էլ՝ Մովսեսի ու Եղյայի ներկայությամբ դարձյալ մեր Տերն է լույսերի մեջ պայծառակերպված, և իր երեք աշակերտներն են սարսափած՝ ձեռքները լույսին ընդդեմ պարզած: Մյուսում՝ Հիսուսի աշակերտներն են զարմացած ու մերժող կեցվածքով նայում նրան, ով լվանում է նրանց ոտքերը Խորհրդավոր Ընթրիքից մեկ օր առաջ: Հաջորդում՝ հրեշտակներն են հսկում, թե ինչպես է Տերն իր Երկրորդ Գալստյանը լույսերի միջից իջնում: Իսկ այս պատկերում էլ Հիսուս Քրիստոսն է օրհնում երեխաներին, որոնց ձեռքերում հավատքի ուժը խորհրդանշող մանանեխի հատիկներ են… :
Եվ աստվածաշնչական այս կերպարները, թվում է, ստեղծում են մի տրամադրություն, որը քեզ ստիպում է մոռանալ մարդկանց ներկայությունը, մոռանալ ինքդ քեզ, և հոգեպես տեղափոխվել կտավների շրջանակներից ներս, որտեղ հավերժությունն է:

Իսկապես, որ տպավորիչ է այս ամենը՝ անգլիացի հանճարի գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն ու տաղանդավոր արվեստագետի գեղանկարների ցուցահանդեսը, ինչը երկար պիտի հիշվի Հայաստանի մշակութային կյանքում:
Պետք է նշել, որ գրքի թարգմանությունն ու տպագրությունը, շնորհանդեսի և ցուցահանդեսի կազմակերպումն իրագործվել են Մովսիսյան ընտանիքի հովանավորությամբ: Գրիգոր Մովսիսյանը քաջածանոթ է հանրությանը մեր երկրի հոգևոր կյանքին իր մասնակցությամբ. նա հեղինակել է «Վահագնի ծնունդը կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» գիրքը, հրատարակել երջանկահիշատակ Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի հայաստանյան անտիպ քարոզների երկհատորյակը, հովանավորել է այլ հեղինակների հոգևոր աշխատությունների տպագրություններ, մեծապես աջակցել է Արցախի Մեխակավան բնակավայրում Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու կառուցմանը, իրականացրել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու վերակառուցման և ընդլայնման աշխատանքները ...: Թող որ Աստծու օրհնությամբ շարունակվեն նրա բարի գործերը:


…Արդեն ուշ երեկո էր, սակայն մարդիկ կարծես թե չէին շտապում հեռանալ նկարիչների միության դահլիճից և խումբ-խումբ կանգնած զրուցում էին, կիսվում գրքի ու գեղանկարների տպավորություններով: Ոմանք պայմանավորվում էին սրճել դրսում՝ շարունակելու անավարտ զրույցը, ոմանք էլ զրուցակիցներին հրավիրում էին իրենց տուն: Հիմա նրանք բոլորովին այլ էին, քան մի երեք-չորս ժամ առաջ, այժմ նրանք մի տեսակ սրտաբաց էին, մարդամոտ, հոգեպես՝ ուրախ: Չէ որ այդ օրն իսկակա՛ն մշակույթի տոն էր՝ այն էլ աստվածայինի մասնակցությամբ:
«Մշակույթը հոգու հաղթանակն է նյութի նկատմամբ։ Մշակույթն անմահությունն է՝ մեր երկրավոր կյանքի մեջ թափանցող։ Մշակույթը երկրավոր մարդկանց կհոգիացնի»,- կարծես ճիշտ այս առիթով է ասել երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Աշոտ ՎԱՎՅԱՆ

Լուսանկարներում՝
1. Գրքի կազմը
2. Միջոցառման մասնակից մշակույթի գործիչները



Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 124571

Մեկնաբանություններ